23 սեպտեմբերի 2005 - 12:56 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլա Գյուլը դատապարտել է թուրքական դատարանի` «Հայերը Օսմանյան կայսրության փլուզման շրջանում, գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության հարցեր» թեմայով Բողազիջի համալսարանի միջազգային գիտաժողովն արգելելու որոշումը: Գյուլը նաեւ անհանգստություն է հայտնել այն առումով, որ այս որոշումը կարող է վնասել հոկտեմբերի 3-ին նախատեսվող Թուրքիայի ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններին: Չնայած դատարանի որոշմանը, գիտաժողովի կազմակերպիչները վճռական են շարունակել միջոցառումը մեկ այլ համալսարանում: Դատարանի որոշումը լայն արձագանք է գտել թուրքական մամուլում: Թերթերը գրեթե միաձայն նշել են, որ այս փաստը լուրջ հարված է իրենց երկրի վարկանիշին: Գիտաժողովը չեղյալ հայտարարելը ողջունել են միայն թուրք Պաշտոնաթող սպաների միության անդամները, Պատմագիտական ընկերակցության նախագահը եւ Իրավաբանների միության անդամները: Մնացած կազմակերպությունները դատարանի վճիռը լուրջ սխալ են համարում, հատկապես` ԵՄ անդամակցության կապակցությամբ բանակցությունների նախաշեմին, տեղեկացնում է «Երկիր» թերթը: