28 փետրվարի 2013 - 18:54 AMT
Ր. Հովհաննիսյանը խոստացավ մարտի 2-ի հավաքին ներկայացնել ամսվա գործողությունների ծրագիրը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյաննայսօր Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ակտիվ պայքարում են սոցիալական ցանցերում, սակայն հորդորեց տանը համակարգիչների առաջ չնստել, քանի որ «գործը պետք է հրապարակում արվի»: Իր ելույթի ընթացքում «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ ապագա անելիքները պետք է քննարկի հավաքվածների հետ և տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյան առաջարկել է հենց հրապարակում ներկայացնել ապագա կառավարության կազմը, բայց չմանրամասնեց ովքեր են լինելու նրանք և երբ է ներկայացվելու այդ կազմը:

«Մեր ազգի բռունցքը կերևա մարտի 2-ին. այդ հավաքի ընթացքում ես շատ ու շատ հարցերի կպատասխանեմ շատ հստակ ու կկիսվեմ մարտ ամսվա մեր գործողությունների ծրագրով»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: նա ևս մեկ անգամ տեղեկացրեց, որ վաղը՝ժամը 12.00-ին, հրապարակում մամուլի բաց ասուլիս կլինի, որից հետո երթով կգնան Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին: