15 մարտի 2013 - 13:15 AMT
«Սարի թեյ» ապրանքանիշի երեք տեսակ ստացել է եվրոպական կարգի օրգանիկ սննդի սերտիֆիկատ

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, փետրվարին, Bio Fach 2013 օրգանիկ արտադրանքի համաշխարհային ցուցահանդեսին, առաջին անգամ ներկայացվեց «Սարի թեյ» ապրանքանիշի նոր տեսականին, նոր դիզայնով:

Ապրանքանիշը, ի թիվս հայկական մի քանի այլ ապրանքանիշների, համաշխարհային հեղինակավոր ցուցահանդեսին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի, ինչպես նաև «Էկոգլոբ» ընկերության աջակցությամբ: Նույն կազմակերպությունների աջակցությամբ էլ «Սարի թեյ» ապրանքանիշի երեք տեսակ ստացել է եվրոպական կարգի օրգանիկ սննդի սերտիֆիկատ:

«Սարի թեյի» նոր տեսականին արդեն կա Հայաստանի մանրածախ շուկայում: Ավանդական բարձր որակից բացի, նոր տեսականին աչքի է ընկնում տուփերի յուրօրինակ ձևավորմամբ: Ընկերության հիմնադիր Գևորգ Աբրահամյանի խոսքով. «Նոր տուփերի դիզայնը հատուկ արված է հուշանվերի տրամաբանությամբ: Աշխարհի շատ երկրներում ընդունված է այցելուներին, հյուրերին, զբոսաշրջիկներին թեյ նվիրել: Նման փորձ մենք նախկինից ունենք, երբ ներգնա որոշ տուրօպերատորներ թեյի հավաքածու են պատվիրել մեզ մոտ, իրենց հաճախորդներին նվիրելու համար»:

«Սարի թեյը» շուկայում հայտնի է որպես բարձրորակ բուսական թեյեր արտադրող ապրանքանիշ: