15 մարտի 2013 - 15:19 AMT
Թաթուլ Մանասերյանը հորդորում է չվախենալ դրամի աննշան արժեզրկումից

Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի արժույթի շուկայում նկատվում է ազգային դրամի դանդաղ արժեզրկում: Եթե մարտի առաջին օրերին ԱՄՆ 1 դոլարի միջի շուկայական փոխարժեքը ըստ ԿԲ տվյալների տատանվում էր 409-410 դրամի սահմաններում, ապա մարտի 14-ի տվյալներով 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 414.28 դրամ:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ պետք չէ վախենալ նման փոփոխություններից, քանի որ անցյալ տարի ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ և հետո շատերը կանխատեսում էին ռիսկեր ու տնտեսության անկում, կապելով դա փոխարժեքի տատանումների հետ: «Մենք համարձակություն ունեցանք կանխատեսել դրամի կայունացում, ինչն էլ տեղի ունեցավ հունիսին»,-ասել է նա PanARMENIAN.Net- թղթակցի հետ զրույցում:

Թաթուլ Մանասերյանը հորդորեց լավատեսորեն տրամադրվել: «Տնտեսության աշխուժացման դեպքում մենք կարող ենք ակնկալել հետադարձ գործընթացը՝ դրամի արժևորումը ԱՄՆ դոլարի նկատմամբ»,-ասաց նա: