Հայաստանի հունահռոմեական հավաքականի գլխավոր մարզիչ Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին խոստոնավեց, որ գոհ է իր թիմի Եվրոպայի առաջնությունում ցույց տված արդյունքից:
«Բոլորս էլ Արթուր Ալեքսանյանից ոսկե մեդալ էինք ակնկալում, և նա արդարացրեց մեր սպասելիքները` երկրորդ տարին անընդմեջ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Շատ ուրախացել եմ ծանրքաշային Վաչիկ Եղիազարյանի բրոնզե մեդալի համար: Գիտենք, որ մենք այս քաշում չունենք շատ թվով մարզիկներ ու ընտրությունը քիչ է: Սակայն Վաչիկը լավ գոտեմարտեր վարեց ու գոհ եմ նրանից»,- ասաց Ջուլֆալակյանը:
Մարզիչը կարծում է, որ մյուս բրոնզե մեդալակիրը` Արթուր Շահինյանը, կարող էր պայքարել եզրափակչում, սակայն կիսաեզրափակչում նա սխալ է թույլ տվել, ինչի արդյունքնում գրավել է երրորդ տեղը:
«Ընդհանուր թիմից ես գոհ եմ: Մյուս տղաներն էլ վատ գոտեմարտեր չեն անցկացրել, եթե հաշվի առնենք, որ շատերն առաջին անգամ էին մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Սակայն աշխատելու տեղեր դեռ շատ կան, ինչն էլ մենք կանենք մինչև աշխարհի առաջնության մեկնարկը»,- ընդգծեց Ջուլֆալակյանը: