26 մարտի 2013 - 21:54 AMT
Չեխիան Երևանում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Հայաստանի դարպասը

Վարդան Մինասյանի ու Միխալ Բիլեկի թիմերը 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղի երկրորդ խաղակեսը սկսեցին 0:0 հաշվով:

Եվ Հայաստանի, և Չեխիայի ընտրանիների համար այդ խաղը չափազանց կարևոր էր, քանի որ նրանք տեղ էին զբաղեցնում B խմբի վերջնամասում: Եվ ԱԱ ուղեգրի համար պայքարելու շանսերը չկորցնելու համար միայն մեկ ելք կար՝ հաղթել:

Ընդմիջումից հետո կազմակերպած առաջին իսկ գրոհն արդյունավետ էր չեխերի կատարմամբ, դաշտի կենտրոնում հայերը սխալվեցին, ու Ռոման Բերեզովսկու դարպասը 47-րդ րոպեին գրավեց Մատեյ Վիդրան: Մի քանի րոպե անց Վիդրան կրկին հարձակման կրակագծում էր, սակայն նրա ոտքերի տակից Բերեզովսկին վերջին պահին կարողացավ գնդակը դուրս բերել:

Փոխարինման դուրս եկած Արաս Օզբիլիսն ու Արթուր Սարկիսովն էլ չկարողացան փրկել Հայաստանի ընտրանուն: Հայերի գրոհները չէին հասնում իրենց նպատակին, փոխարենն ավելի էին ակտիվանում չեխերը: Հայ պաշտպանները շատ անփույթ էին գործում, և հերթական կոպիտ սխալից հետո թույլ տվեցին, որ Վիդրան դուբլ ձևակերպի: Ավելացրած ժամանակում 3-րդ գոլը խփեց Դանիել Կոլառը:

Չեխիայի ընտրանին Պետեր Չեխի հոբելյանական ՝ 100-րդ, խաղում առավելության հասավ 0:3 հաշվով: Իսկ Հայաստանի ընտրանին այս ընտրական մրցաշարում կրեց իր 3-րդ պարտությունը:

Չեխիան վաստակեց 8 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ Հայաստանի ընտրանին շարունակում է 3 միավորով մնալ նախավերջին՝ 5-րդ տեղում:

B խմբում այսօր կայանալու են նաև Մալթա-Իտալիա և Դանիա-Բուլղարիա հանդիպումները: