27 հոկտեմբերի 2005 - 13:42 AMT
Ղարաբաղյան հարցը խանգարում է Ադրբեջանի եվրաինտեգրմանը, պնդում է Է.Մամեդյարովը
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելը հիմնական խոչընդոտն է Ադրբեջանում ժողովրդավարության եւ քաղաքական կայունության ձեւավորման ճանապարհին: «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի օկուպացիան եւ շուրջ մեկ միլիոն փախստականների եւ տեղահանվածների առկայությունը հիմնական խոչընդոտն է ժողովրդավարության եւ քաղաքական կայունության ձեւավորման ճանապարհին ոչ միայն Ադրբեջանում, այլ եւ ողջ տարածաշրջանում եւ այդպիսով խոչընդոտում է երկրի ինտեգրումը եվրոպական ընտանիքին»,-հայտարարել է Է.Մամեդյարովը Արեւմտաեվրոպական միության վեհաժողովի` Եվրոպայում անվտանգության եւ պաշտպանության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Ստեֆ Գորիսի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես ասվում է հանրապետության ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հանդիպման ժամանակ Է.Մամեդյարովը նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա` ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ տալով Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական բնակչությանը»: