5 ապրիլի 2013 - 18:33 AMT
ՀՀ վարչապետը և Ալեքսեյ Լիխաչովը քննարկել են դեպի Հայաստան ներդրումների ներգրավման հարցը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովին: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական կապերից, այդ թվում՝ առևտրատրաշրջանառության ոլորտում աճի միտումներից, և նշել, որ այն զարգացնելու լուրջ ներուժ գոյություն ունի, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցերի:

Մասնավորապես, վարչապետ Սարգսյանը և Ալեքսեյ Լիխաչովը քննարկել են դեպի Հայաստան ներդրումների ներգրավմանը, ֆինանսական, ծառայությունների մատուցման բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող ծրագրեր:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և այլ հարցերի: