Հայաստանում ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը, որը գլխավորում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրեց Արթուր Բաղդասարյանը և նշեց, որ արդեն հաստատվել է համապատասխան ռազմավարություն:
Արթուր Բաղդարյանը նկատեց, որ Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի ազգային անվտանգության գերակայություններից է. «Այսուհետ հետամուտ ենք լինելու այս ոլորտում կուտակված խնդիրների լուծմանը»:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ՄԻՊ գործունեությունը գնահատեց դրական և համոզմունք հայտնեց, որ անցած տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը իսկապես կայացել է: Նա միևնույն ժամանակ նշեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը էական բարելավման կարիք ունի: «Օրենքներում գրված փաստաթղթային նորմերից մենք պետք է անցնենք մարդու իրավունքների իրական պաշտպանության: Ես համոզված եմ, որ բազմաթիվ խնդիրներն անպայմանորեն լուծելու ենք»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
ԱԱԽ քարտուղարն ընդգծեց, որ միջազգային կազմակերպությունների զեկույցները ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ գոհացուցիչ չեն, այնպես որ իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ են գործնական քայլեր թե երկրի ներսում, թե երկրի սահմաններից դուրս: