15 ապրիլի 2013 - 19:46 AMT
Մոսկվայում մեկնարկել է ԵԽ երկրների մշակույթի նախարարների 10-րդ համաժողովը

Այսօր Մոսկվայում մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի երկրների մշակույթի նախարարների 10-րդ համաժողովը, որին մասնակցում է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը:

Համաժողովը կանցկացվի «Կառավարությունների դերը, նոր մարտահրավերները և հնարավորությունները», «Մշակութային քաղաքականության լավագույն փորձն ու նորարարական մեթոդները», «ԵԽ հեռանկարներն այլ կազմակերպությունների հետ համագործակցության համատեքստում» երեք նստաշրջանների ձևաչափով:

Համաժողովին մասնակցում են Եվրոպայի Խորհրդի 40 երկրի պատվիրակություն: Քննարկումների ընթացքում առանձնակի ուշադրության կարժանանան ժողովրդավարական կառավարման կայունացման տեսանկյունից ԵԽ դերակատարության խնդիրները, կմշակվեն հեռանկարային նոր ծրագրեր, ինչպես նաև կքննարկվեն Եվրոպայի Խորհուրդ - ՅՈՒՆԵՍԿՕ, Եվրամիություն - միջազգային այլ կառույցներ համագործակցության հարցեր:

Համաժողովը կշարունակվի նաև վաղը: