23 ապրիլի 2013 - 14:34 AMT
Հայաստանը կարևորում է Կանադայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին

Ապրիլի 22-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռեյնել Անդրեյչուկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-կանադական քաղաքական, տնտեսական և մշակութային փոխհարաբերություններին վերաբերող հարցեր, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Դեսպան Եգանյանը և սենատոր Անդրեյչուկը զրուցեցին Հարավային Կովկասի տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ, որի շրջանակներում ՀՀ դեսպանը ներկայացրեց ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության կողմից կատարվող քայլերը: Դեսպանը կարևորեց Կանադայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Կողմերը անդրադարձան նաև հայ-թուրքական հարաբերություններին: ՀՀ դեսպանը մանրամասնորեն ներկայացրեց Հայաստանի նախագահի կողմից նախաձեռնված հարաբերությունների կարգավորման փորձը և ձեռք բերված պայմանավորվածություններից թուրքական կողմի նահանջը: Կողմերը կարևորեցին Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: