23 ապրիլի 2013 - 15:26 AMT
Հակոբ Սերոբյանը գոհ է մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքից

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գոհ է Եվրոպայի առաջնության արդյունքից:

«Մենք ակնկալում էինք, որ տղաները կկարողանան մտնել եզրափակիչ փուլ, սակայն շատ թեժ պայքարում մեր Արթուր Դավթյանը հենացատկում կարողացավ կանգնել պատվոհարթակի երրորդ աստիճանին և նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: Սա շատ ուրախալի փաստ է մեզ համար»,- ասաց Սերոբյանը:

Ըստ նրա, լավ արդյունք է նաև այն, որ Հայաստանը առանձին վարժություններում ևս ներկայացուցիչներ է ունեցել եզրափակչում. «Առհասարակ, տղաներն արել են այն, ինչ իրենցից պահանջվել էր»:

Հայաստանի հավաքականը որոշ ժամանակ անց կսկսի նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որը կկայանա սեպտեմբերի վերջին Բելգիայում: