Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Վալերի Բուայեն եղել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Նա գրառում է կատարել հյուրերի հուշամատյանում:
«Թանգարան այցը և թանգարանը հուզիչ տպավորություն են թողնում ինձ վրա: Մեր պատվիրակությունը կատարել է իր պարտքը` գալով այստեղ: Մենք կողմ ենք ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ամբողջ Եվրոպայում Ցեղասպանության ժխտողականության քրեականացմանը»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը: Այս մասին PanARMENIAN.Net-ին ասացին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Այսօր Վալերի Բուայեն եղել է նաև Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Նա ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ, ապա լուսանկարել հուշահամալիրը, Արարատ լեռը: Վալերի Բուայեն Ծիծեռնակաբերդ էր եկել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի պատգամավորը Հայաստան է եկել Ցեղասպանության 98-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Երեկ Ազգային ժողովում Վալերի Բուայեն ցավով նշել էր, որ չնայած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին մերժվել է, սակայն Եվրախորհրդարանի պատգամավորների հետ միասին կստեղծեն մեկ այլ շրջանակ և իրենց ջանքերը կուղղեն հարցը կրկին բարձրացնելուն: