Ապրիլի 24-ին Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ և տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն: Այնուհետ ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին զետեղվեցին ծաղկեպսակներ Շվեյցարիայում ՀՀ դեսպանության և շվեյցարահայ կազմակերպությունների անունից: Ելույթներ ունեցան Շվեյցարիայի Հայ Առաքելական Եկեղեցու քահանա վարդապետ Հայրիկ Հովհաննիսյանը, խոսքով հանդես եկան ՀՀ արտակարգ դեսպանորդ Սաթենիկ Աբգարյանը և Շվեյցարահայ միության նախագահ Նժդեհ Խաչատրյանը: Սաթենիկ Աբգարյանն իր խոսքում, մասնավորապես, նշեց, որ 98 տարվա մեջ հայ ժողովրդի կողմից մղվող պայքարը ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու իրավունք ունենալու և միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչմանը հասնելու փուլից անցել է նոր փուլ` կենտրոնանալով Թուրքիայի կողմից ճանաչմանը հասնելու վրա, և այդ պայքարում հաջողությունը հնարավոր է միայն համայն հայության` Հայաստանի, Արցախի և Սփուռքի միասնական ուժերով, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Արարողությանը ներկա էին հայ համայնքային կառույցների, հունական և ռուանդական համայնքի ներկայացուցիչները: