«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը կարծում է, որ Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին վարկաբեկվեց ընտրական հանձնաժողովի ինստիտուտ: Այս մասին նա հայտնեց այսօր մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնալով ընտրություններին և իրենց գրանցած արդյունքին: Ըստ նրա` հանձնաժողովներում ստեղծվել էր վախի մթնոլորտ, իսկ ընտրակաշառքը բաժանում էին մարդկանց բնակարաններում:Մանուկ Սուքիասյանը նշեց, որ շատ ավելի մեծ ակնկալիքներ կային, սակայն ունեցան այն, ինչ ունեցան: «Ովքեր պետք է գային մեզ ձայն տային, ենթադրում եմ, որ վախեցել են գալ»,- նկատեց նա: «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը կարծում է, որ վախի մթնոլորտն անդրադարձել է ոչ իշխանական մյուս քաղաքական ուժերի ձայների վրա ևս:
Խոսակցություններին, թե «Առաքելություն» կուսակցությունն ինչ-որ մեկի պրոեկտն է` Մանուկ Սուքիասյանը պատասխանում է այսպես. «Եթե մենք որևիցե մեկի պրոեկտը լինեինք, շատ մեծ հանրահավաք, շատ եթերաժամեր կունենայինք»:
Նա նաև հայտնեց, որ իրենք շարունակելու են իրենց գաղափարները ներկայացնել հասարակությանը:
Ավելացնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Առաքելություն» կուսակցությունը ստացել է 2 հազար 692 ձայն (0,64 տոկոս):