13 մայիսի 2013 - 13:17 AMT
«Բարև, Երևանը» դիմելու է վարչական դատարան ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկելու համար

Երևանի ավագանու ընտրությունները գաղջ մթնոլորտում են անցել, և դրա մեղավորն իշխանությունն է, պնդում է «Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակի 7-րդ համար Դավիթ Սանասարյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ «Բարև Երևան» դաշինքը դիմելու է վարչական դատարան` վիճարկելու ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

Նա նշեց, որ «Բարև, Երևանը» ձայների վերահաշվարկ է պահանջել ոչ թե իր ձայների թիվն ավելացնելու, այլ գրանցամատյաններն ու ընտրացուցակները ստուգելու համար: Իսկ վերահաշվարկն արդյունք տվել է, գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրությունները խախտումներով են անցել, դաշինքը մոտ 1500 խախտում է արձանագրել:

Անդրադառնալով նախօերին հրապարակված ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշմանը, Դավիթ Սանասարյանը նկատեց, որ հանձնաժողովը կրկին ոչ ճիշտ որոշում է կայացրել:

«Եթե ավագանիում լիներ ընդդիմադիր ուժ, ընդդիմադիր քվեարկություն, ապա թե Տարոն Մարգարյանը, թե նրանից առաջ աշխատած քաղաքապետները թիթեռ նկարելով կամ շենքերը ներկելով չէին զբաղվի»,- ասաց նա:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ մանդատները վերցնելու վերաբերյալ որոշում դեռ չեն կայացրել, բայց ինքը կարծում է, որ պետք է աշխատենք ավագանիում և ջրի երես հանենք բոլոր թերությունները:

Ավելացնենք, որ ԿԸՀ որոշման համաձայն` «Բարև, Երևանը» Երևանի ավագանիում ստացել է 6 մանդատ: