Վիլլի Մարտիկյանին Կոնսերվատորիայում ճանաչում են բոլորը, թեև նրան բուհի միջացքներում աշխատանքային ժամին դժվար թե հանդիպեք: Օրվա մեծ մասը Կոնսի ռեստավրատորն անցկացնում է արհեստանոցում, այնտեղ հասնելու համար դուք կանցնեք մի ճանապարով, որին կոնսեցիները «ռոյալների գերեզմանոց» են անվանում: «Գերեզմանոցում» հայտնված բոլոր ռոյալները «կենդանանում են» Վիլլիի արհեստանոցում: Վերջինը Ռոմանոս Մելիքյանի սպիտակ ռոյալն էր, որի մասին ռեստավրատորը առանձնակի հպարտությամբ է խոսում:
Վիլլի Մարտիկյանը ոչ վաղ անցյալում Կոնսերվատորիայի ուսանող է եղել, բայց այնպես ստացվեց, որ հարվածային գործիքներին փոխարինեցին հաստոցը, ներկերն ու տարատեսակ գործիքները:
Տարիներ առաջ Հայաստան ժամանեցին ֆրանսիացի մասնագետներ, ովքեր օգնեցին վերանարոգել Կոնսերվատորիայի հնամաշ գործիքները: Այդ ամբողջ ընթացքում նրանց կողքին էին հայ ուսանողները: Նրանք օգնում էին մասնագետներին՝ միաժամանակ յուրացնելով երաժշտական գործիքներ վերականգնելու հմտությունները: Հետո Վիլլին իմացավ, որ Ֆրանսիա է մեկնելու՝ սովորելու: Ֆրանսիացի մասնագետները հենց նրան ընտրեցին:
Մեկ տարի Ֆրանսիայում սովորելուց հետո նա վերադարձավ ու անցավ գործի: Վիլլին Հայաստանում միակն է, ով բարձրագույն կրթություն է ստացել և ռեստավրատորի դիպլում ունի:
4 տարում վերականգնել է մեկ տասնյակից ավել գործիք, ինչպես ինքն է ասում, զրոյից, քանի որ ռեստավրացնելու համար դրանք ամբողջությամբ մասնատվում են, մնում է միայն կաղապարը, որի վրա նորից հավաքվում է գործիքը:
Վիլլիի միակ օգնականը իր նախագծով կառուցված հաստոցն է: Ասում է` այն երկրորդ մարդու դեր է կատարում:
Ռոյալը, որն այժմ դրված է արվեստանոցում, ավելի քան 100 տարվա պատմություն ունի: Վիլլին ասում է, որ շատ կցանկանա, որ այն ևս 100 տարի ծառայի ռեստավրացիայից հետո: