ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն այսօր դատական առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում նիստը ժամանակի կորուստ անվանեց:
Նա նշեց, որ իրենք պատրաստվում էին դատախազին բացարկ հայտնել, սակայն չհասցրեցին: Բանն այն է, որ այսօր դատատարան էր ներկայացել ոչ թե գործով դատախազը, այլ ուրիշ մեկը:
Դատական նիստից հետո Ալեքսանդր Սիրունյանի իրավաբանական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Դատախազության մասին օրենքի 25 հոդվածի 1 կետով` Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով քրեական հետապնդում հարուցած դատախազը, բացառությամբ, երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը: Եթե քրեական հետապնդումը հարուցել է վերադաս դատախազը, ապա նա կարող է տվյալ քրեական գործով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը հանձնարարել ստորադաս դատախազի:
Ուստի, փոխելով Վարդան Սեդրակյանի գործով դատախազին, մեղադրող կողմը խախտում է օրենքը»:
Ավելացնենք, որ այսօր մեկնարկեց ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաքննությունը, Վարդան Սեդրակյանը մեղադրվում է մահափորձը պատվիրելու և կազմակերպելու մեջ: