
Հայաստանի երիտասարդական ու «Լույս» հիմնադրամների նախաձեռնությամբ կիրականացվի ծրագիր՝ ուղղված մարզային երիտասարդության շրջանում գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծմանը:
Այսօր ՀԵՀ Վայոց ձորի երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում կենտրոնի կամավորները «Լույս» հիմնադրամի ներկայացուցիչներին տեղեկացրել են, թե մարզում երիտասարդներն ինչ հիմնախնդիրներ ունեն: Նրանք առանձնացրել են երիտասարդների զբաղվածության, ժամանցի կազմակերպման և մասշտաբային ծրագրերի անցկացման հարցերը:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ ՀԵՀ-ի մարզային կենտրոններն ակտիվացնելու և երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը նպաստելու համար «Լույս» հիմնադրամի ծրագրերով արտասահմանյան հեղինակավոր բուհերում կրթություն ստացած երիտասարդները ամառային արձակուրդների ընթացքում կամավոր հիմունքներով ծրագրեր կիրականացնեն գյուղերում՝ պարզելու, թե ինչպես կարելի է լուծել մարզի երիտասարդության հիմնախնդիրները:
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն էլ առաջարկել է ՀԵՀ-ի հետ համատեղ իրականացնել նաև մի նախագիծ, որի շրջանակներում երիտասարդները կստեղծեն վավերագրական ֆիլմեր, որոնց միջոցով կներկայացվի ՀՀ գյուղերի պատմությունը, ավանդույթները հերոսներին՝ ստեղծելով երիտասարդների և ավագ սերնդի ներկայացուցիչների միջև երկխոսություն: