30 մայիսի 2013 - 17:29 AMT
Փոխարտգործնախարար. Մենք գիտենք` ինչպիսի բյուջե ունենք և չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ

Ասոցացման համաձայնագիրը պարզապես ենթադրում է նոր հարաբերություններ Եվրամիության հետ, իսկ ԵՄ-ին անդամակցելու հարց Հայաստանի կողմից չի ներկայացվել: Այսօր ԱԺ-ում 2012թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանը: «Խոսքը միայն Հայաստանի զարգացման հեռանկարները եվրոպական արժեքներին համահունչ դարձնելու մասին է»,- ասաց նա:

Զոհրապ Մնացականյանը նշեց, որ Հայաստանի համար շատ կարևոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահության ստանձնումը, բայց դա դեռ չի նշանակում, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է պետբյուջեից ստացած գումարները շռայլի միայն այդ ուղղությամբ`շրջանցելով այլ խնդիրերը: Նա նկատեց, որ առկա ֆինանսական միջոցների շրջանակներում միջոցառումները պետք է կարողանալ կազմակերպել պատշաճ մակարդակով: «Մենք գիտենք, թե ինչպիսի երկիր ենք, ինչպիսի բյուջե ունենք և չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ, ամեն ինչ պետք է լինի պատշաճի սահմաններում»,- ասաց փոխարտգործնախարարը: