9 հունիսի 2013 - 13:58 AMT
Իրանահայությունը ապագա նախագահին մի շարք պահանջներ է ներկայացրել

Իրանի խորհրդարանում իրահանայ պատգամավորների նախաձեռնությամբ և համայնքի թեմերի, կառույցների, միությունների, լրատվամիջոցների անունից պատրաստվել է «Իրանահայության ակնկալիքները և պահանջները Իրանի ապագա նախագահից» փաստաթուղթը, որը կներկայացվի հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների 8 թեկնածուներին, հայտնում է «Հայելի» համայնքի հասարակական կայքէջը։

Փաստաթղթում իրանահայության պահանջները ներկայացված են երկու մասով: Առաջինը «ազգային ու միջազգային հարթություն»-ն է, ուր նշված են․

Ա․ միջազգային սանկցիաների արդյունքում առաջացած տնտեսական իրավիճակի և դրա հետևանքով հասարակական հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը,

Բ․ արտաքին քաղաքականության բնագավառում Իրանի անկախության, տարածքային ամբողջականության պահպանումը, արտաքին ճնշումներին դիմակայումը,

Գ․ գիտական և տեխնոլոգիայի ոլորտում կրթության և գիտության, բարձրագույն կրթության մեջ եղած խնդիրների լուծումը և այդ հարցերի կարևորության բարձրացումը,

Դ․ երկրի զարգացման գործում կանանց մասնակցությունը:

«Հայ համայքի հարթության» երկրորդ մասում պահանջվում է․

Ա․ Հայոց ցեղասպանության և նման հանցագործությունների դատապարտման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել,

Բ․ կրոնական փոքրամասնությունների կրթական, մշակութային և մարզական կառույցներին նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերել,

Գ․ կրոնական փոքրամասնություններին պետական կառույցներում աշխատելու հնարավորություն ընձեռել,

Դ․ նախարարություններում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների համար տեղակալի կամ խորհրդականի պաշտոն նախատեսել,

Ե․ քաղաքացիական օրեսնգրքի՝ ժառանգությանը վերաբերող 881-րդ հոդվածի ստեղծած խնդիրները լուծելու համար իրավական և գործադիր համապատասխան քայլեր ձեռնարկել,

Զ․ գործադիր իշխանության և կրոնական փոքրամասնությունների միջև սահուն հարաբերություններին նպաստելու համար նախագահի աշխատակազմում, նախարարություններում և նահանգապետարաններում նշված խմբերի հարցերով տեղակալի կամ խորհրդականի հաստիք ստեղծել:

Փաստաթուղթը ստորագրվել է Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի հայոց թեմերի առաջնորդարանների, իրանական խորհրդարանում իրանահայությունը ներկայացնող պատգամավորների, «Ալիք» հաստատության և Թեհրանում, Սպահանում, Թավրիզում, Ուրմիայում, Շահինշահրում, Արաքում, Անզալիում, Շիրազում, Ահվազում, Գորգանում, Սալմաստում, Սարիում, Մաշհադում, Ղազվինում, Աբադանում, Գեարդաբադում, Բոլորանում և Ղորողում իրանահայ մշակութային, մարզական և հասարակական միությունների կողմից:

Այն ամբողջականացվել է երեկ՝ Թեհրանի Ազգային առաջնորդարանում կայացած թվով երկորդ հանդիպման ընթացքում՝ նշված կառույցների մի մասի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ըստ որոշման՝ իրանահայության պատվիրակությունը կհանդիպի թեկնածուների շտաբների հետ և կփոխանցի մշակված փաստաթուղթը։