Երևանում կայացավ «Երևան. բիզնես-վազք 2013» վազքի մրցույթը: Հաղթող ճանաչվեց «Ռեսո» ապահովագրական ընկերությունը: «Ռեսո» ապահովագրական ընկերության թիմը բաղկացած էր 3 վազորդներից. մասնակցում էին գործակալներ Գևորգ Բարսեղյանը, Հարություն Ղարագյոզյանը և անձնական ապահովագրության դեպարտամենտի աշխատակից Արմեն Խաչատրյանը:
Վազքի ավարտից հետո միջոցառման կազմակերպիչները «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էին բացօթյա խնջույք, որի ընթացքում էլ պաշտոնապես պարգևատրեցին «Ռեսո» ապահովագրական ընկերության վազորդներին հուշամեդալներով և դեպի Վիեննա ուղևորության տոմսով, որտեղ վերջիններս կարող են մասնակցել սեպտեմբեր ամսին անցկացվող միջազգային վազքի մրցույթին:
Մրցավազքը երկու փուլով է, մանկական վազքն ու հիմնականը: Մանկական վազքին մասնակցում էին 6-10 և 10-14 տարեկան երեխաներ: Հիմնական մրցավազքի մասնակիցներն 18 և բարձր տարիքային խմբից էին:
Մրցույթը կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի, Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցի և Ավստրիական ավիաուղիներ ընկերությունների կողմից: Իսկ մանկական մարաթոնի հովանավորն է «Ամերիա» ընկերությունների խումբը:
Նշենք, որ ծրագրին մասնակցում էին ինչպես անհատներ, այնպես էլ հայկական և արտասահմանյան բիզնես ոլորտի առաջատար ընկերություններ: