
Այսօր, Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է ԱԳՄ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Դեսպան Մանուկյանն, նկատի ունենալով իր առաջին պաշտոնական հանդիպումը գլխավոր դատախազ Կբիլաշվիլիի հետ, շնորհավորել է նրան դատաիրավական համակարգում ստանձնած հույժ պատասխանատու պաշտոնի կապակցությամբ և հույս հայտնեց, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները, այդ թվում նաև իրավապահ մարմինների համագործակցության ոլորտում, այսուհետ ևս կպահպանեն ձևավորված բարձր մակարդակը: Արչիլ Կբիլաշվիլին նշել է, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը դատաիրավական համակարգում երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է:
Դեսպան Մանուկյանը և Վրաստանի գլխավոր դատախազը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում նաև երկու երկրների դատաիրավական համակարգերի հիմնախնդիրները և այս ոլորտում իրականացվելիք բարեփոխումների առանձնահատկությունները:
Զրուցակիցները քննարկել են Վրաստանի իրավապահ մարմիններում Հայաստանի քաղաքացիների հետ կապված գործերի քննության ընթացքում նրանց իրավունքների պաշտպանության և լիարժեք իրականացման հնարավորության հարցերը: Դեսպան Մանուկյանը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի` հուլիսի սկզբին ՀՀ դատախազության հոբելյանի առթիվ կայանալիք միջոցառումներին Վրաստանի գլխավոր դատախազի մասնակցության հրավերը: Արչիլ Կբիլաշվիլին պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը և ամրապնդել արդեն իսկ գոյություն ունեցող կապերը ՀՀ դատախազության հետ: