3 փետրվարի 2006 - 15:04 AMT
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը անցանկալի է համարում տեղեկատվության արտահոսքը Ղարաբաղի շուրջ բանակցությունների ընթացքում
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը անցանկալի է համարում տեղեկատվության արտահոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների ընթացքում: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net գործակալության թղթակցի հարցին, հայտարարել է Ջոն Էվանսը` մեկնաբանելով այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը օրերս Բաքու եւ Երեւան կատարած այցերի ժամանակ հրաժարվեց լրագրողների հետ հանդիպումներից: «ԱՄՆ դեսպանատունը ընդհանրապես չի մեկնաբանում նման տիպի հարցերը, սակայն այնուամենայնիվ կասեմ, որ գաղտնիությունն այս դեպքում լիովին արդարացված է: Համանախագաների այցը տարածաշրջան վերջինն էր, եւ հավանաբար, շատ լուրջը, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռամբույեում կայանալիք հանդիպումից առաջ: Նման հանդիպումների ժամանակ քննարկվող հարցերը գաղտնի են լինում եւ այս դեպքում տեղեկատվության արտահոսքը ցանկալի չէ»,-ասել է Ջոն Էվանսը: Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Սթիվեն Մաննը (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) Բաքվից ժամանել են Երեւան: Ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում միջնորդները մամուլի հետ չեն շփվել: