8 հուլիսի 2013 - 15:04 AMT
Քաղաքագետ. Մաքսային միությանը միանալու հեռանկարներ Հայաստանը չունի. առաջարկ չի եղել

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանն իրականում կանգնած չէ Եվրամիությանը կամ Եվրասիական միությանը միանալու ընտրության առաջ և այդ կառույցներից մեկին միանալու որևէ հեռանկար այս պահին չունի: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը կարող է համագործակցել այդ կառույցների հետ, ինչի փորձը արվում է:

Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձավ նաև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայանգրի բանակցություներին ու Մաքսային միության հետ հնարավոր համագործակցությանը: Նա նշեց, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները վատ ընթացք չունեն և 50%-ից ավելի հավանական է, որ Վիլնյուսում` Արևելյան համագործակցության գագաթաժողովին, փաստաթուղթը կնախաստորագրվի: Նա նշեց, որ սրանով կդրվի գործընթացի սկիզբը:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանը միանալու հեռանկարներին, ապա, ըստ քաղաքագետի, դրանք գոյություն չունեն, քանի որ Հայաստանին ոչ մի երկիր չի առաջարկել անդամակցել այդ կառույցին: Իսկանդարյանը նշեց, որ այս պահին մշակվում են ոչ թե Մաքսային միության ներսում, այլ կառույցի հետ համագործակցության ձևեր: