24 փետրվարի 2006 - 14:57 AMT
Թռչնագրիպը հասել է Վրաստան
Ըստ նախնական տվյալների, Վրաստանում գրանցվել է թռչնագրիպի հարուցիչ: Ինչպես հաղորդել է երկրի վարչապետ Զուրաբ Նողաիդելին կառավարության նիստում, ըստ նախնական տվյալների, վտանգավոր հիվանդությունը հայտնաբերվել է չվող թռչունների մոտ Աջարիայի Հանրապետության Ադլիա շրջանում: Նրա խոսքերով, Ադլիաի մերձակայքում գրանցվել է չվող թռչունների, այդ թվում կարապների զանգվածային անկում: Ըստ Վրաստանում անցկացված լաբորատոր հետազոտությունների, թռչունների մոտ հաստատվել է H5N1 շտամի առկայությունը: Նյութերն ուղղարկվել են Լոնդոնի եւ Վենետիկի լաբորատորիաներ, եւ մի քանի օրից սպասվում են վերջնական արդյուքները: Այսօր Զ.Նողաիդելին Վրաստանի նախագահի հանձնարարականով կմեկնի Աջարիա, որպեսզի տեղում ուսումնասիրի իրավիճակը:
Այն բանից հետո, երբ «թռչնագրիպ» էր գրանցվել Թուրքիայում, Վրաստանում արգելվել է վայրի թռչունների որսը, իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանում անց են կացվել ախտահանիչ միջոցառումներ: Զ.Նողաիդելին կոչ է արել խստացնել վերահսկողությունը որսի արգելքի կատարման հարցում, մասնավորապես, Կախեթում թռչունների միգրացիայի վայրերում, երկրի արեւմուտքում եւ հարավում: Նա նաեւ դիմել է բնակչությանը վայրի թռչունների հետ շփումից զերծ մնալու եւ ընտանի թռչուններին մեկուսացնելու խնդրանքով: Վարչապետը նշել է, որ վրացական իշխանությունները անում են հնարավորը հիվանդության օջախը չեզոքացնելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է «ՌԲԿ» գործակալությունը: