17 հուլիսի 2013 - 13:52 AMT
Բակո Սահակյանն այցելել է Արցախում կազմակերպված ճամբարների մասնակիցներին

ԼՂՀ ախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին այցելել է Մարտակերտի շրջան:

Ծմակահող գյուղում Բակո Սահակյանը հանդիպել է «Ֆիզիկական և կենսաբանական բաղադրյալ համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաներ» ամառային դպրոց-սեմինարին մասնակցող ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ:

Ողջունելով ներկաներին՝ նախագահ Սահակյանը կարևորել է նման միջոցառումների նշանակությունը գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսանկյուններից՝ հավելելով, որ աշխարհահռչակ ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի ծննդավայրում գիտական այսպիսի հավաքների անցկացումը խորհրդանշական է:

Այնուհետև Արցախի Հանրապետության նախագահն այցելել է Քոլատակ գյուղում ԼՂՀ սպորտային զբոսաշրջության ֆեդերացիայի և «Ապագա սերունդներ» հիմնադրամի կողմից կազմակերպված ամառային ճամբար և հանդիպել այնտեղ իրենց հանգիստն անցկացնող մարզիկների ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Բակո Սահակյանը պահանջված է համարել սպորտային զբոսաշրջության զարգացումը մեր հանրապետությունում՝ նշելով, որ այն պետք է դառնա զբոսաշրջության կարևորագույն ուղղություններից մեկը:

Երկու ճամբարներում էլ ջերմ և անմիջական մթնոլորտում ծավալված զրույցի ժամանակ երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված տարբեր հարցերի: