Քաղաքապետարանի դիմաց ընթանում է «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության մասնակցիցների բողոքի ակցիան: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, հասարակական կարգը խախտելու համար ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի 3 մասնակցի, իսկ մյուսները կարողացան ճեղքել ոստիկանական պատն ու բարձրանալ քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ:
Միացվել է քաղաքապետարանի դիմացի խոտածածկի ոռոգման համակարգը, ինչը, ըստ ակտիվիստների՝ արվել է իրենց ջրելու և ակցիան խափանելու նպատակով:
Ակտիվիստների ձեռքին ցուցանակներ կան՝ «Վճարիր 150 դրամ, զգա քեզ ոչխար», «Ուղեվարձը՝ 100 դրամ» գրություններով: Ակտիվիստները բողոքում են, որ վարորդները չեն միացել ակցիային ու պնդում են, որ այնքան են շարունակելու պայքարը մինչև ուղեվարձի սակագինը վերանայվի:
Միաժամանակ սուր քննարկումներ են ընթանում, որ կազմակերպչական խնդիրներ կան, մի մասը պնդում է, որ ակցիան պետք է շարունակել քաղաքապետարանի դիմաց, մի մասը պնդում է, որ պետք է կանգառներ գնալ, կան նաև այլ առաջարկներ: