Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել ՀՀ սփյուռքի նախարարության՝ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի մասնակիցների հետ։
Ներկայացնելով հանձնաժողովի նպատակը և գործառույթները, մասնավորապես` Երևանի զարգացման գործընթացում ակտիվ երիտասարդների ներգրավումն ու բազմաբնույթ ծրագրերի իրականացումը, հանձնաժողովի նախագահ Սամվել Մերթարջյանն առաջարկել է սփյուռքահայ երիտասարդներին ևս հանդես գալ դիտարկումներով, առաջարկություններով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ամառային դպրոցի մասնակից սփյուռքահայ երիտասարդների առաջարկություններում գերակշռել է իրենց բնակության քաղաքների տարբեր բնագավառներում փորձի օրինակները, մասնավորապես՝ այգի-պուրակների և համայնքային գույքի նկատմամբ հասարակական հսկողության, երթևեկության և հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործում և այլն։
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը և շուրջ երկու տասնյակ երկրներից ժամանած ամառային դպրոցի մասնակիցները պայմանավորվել են մշտապես կապ պահպանելով՝ այսուհետ ևս կազմակերպել քննարկումներ տարբեր ձևաչափերով։