14 օգոստոսի 2013 - 10:18 AMT
Հունահռոմեական ըմբիշներ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը դարձել են երիտասարդների ԱԱ-ի հաղթողներ

Սոֆիայում (Բուլղարիա) ընթանում է ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Մրցութային առաջին օրը հայ հունահռոմեական ոճի ըմբիշներին հաջողվել է նվաճել 2 ոսկե մեդալ:

Մինչև 60 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել կադետների Եվրոպայի չեմպիոն Կարեն Ասլանյանը: Եզրափակչում նա 7:0 հաշվով առավելության է հասել թուրք Բասար Էնեսի նկատմամբ: Մինչ այդ նա անցկացրել է ևս 4 մենամարտ ու հաղթել Արթուր Ուլեյմանովին (Ռուսաստան), Մադու Միխուտային (Ռումինիա), Դանիել Տումուին (ԱՄՆ) և Էլման Մուխտարովին (Ադրբեջան):

Ոսկե մեդալ է նվաճել նաև երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Կարապետ Չալյանը (74 կգ): Մինչ եզրափակիչ հասնելը նա ուժեղ է եղել Աբդելկրիմ Օուկալայից (Ալժիր), Վիկտոր Նեմեսից (Սերբիա), Պետրու Սևչուկից (Մոլդովա) և Բեքքան Օզդոևից (Ռուսաստան): Իսկ եզրափակչում հայ ըմբիշը 3:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրիյ Անտոնյուկին: