ԱՄՆ-ն պատրաստ է աստիճանաբար մեղմացնել Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը դադարեցնի իր միջուկային մշակումները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը, որը ժամանել է Ժնև մասնակցելու Իրանի բանակացությունների նոր փուլին «վեցնյակի» հետ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ Վաշինգտոնը մտադիր է համաձայնեցնել առաջին քայլը, սկզբնական ըմբռնման հասնել, որը կկասեցնի Իրանի միջուկային ծրագրի հետագա զարգացումը և առաջին անգամ վերջին տասնամյակում կապահովի նրա «նահանջը»:
Վաշինգտոնի տեսակետից Իրանի այդ գործողությունները պետք է սահմանափակումների կիրառում նախատեսեն ինչպես ուրանի հարստացման աստիճանի վերաբերյալ, այնպես էլ հումքի քանակի, հստակեցրել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը: Բացի այդ, նշել է նա, ըստ ԱՄՆ-ի, այդ միջոցների իրականացման համար հարկավոր է միջազգային հսկողություն: Ըստ ներկայացուցչի, այդ քայլերը թույլ կտան լրացուցիչ ժամանակ ստանալ Իրանի խնդրի կարգավորման համար քաղաքական, դիվանագիտական ճանապարհով:
Իր հերթին ԱՄՆ-ն պատրաստ կլինի սահմանափակ ժամանակով կասեցնել պատժամիջոցների գործողությունները, ասել է Օբամայի վարչակազմի ներկայացուցիչը՝ չմանրամասնելով միտքը:
ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Թեհրանը հայտարարում է, որ բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:
Հոկտեմբերի 15-16-ին Ժնևում վեցամսյա ընդմիջումից հետո տեղի ունեցան բանակցություններն Իրանի ու միջազգային «վեցնյակի» միջև: Այսպիսով, սրանք «վեցնյակի» ու Իրանի միջև առաջին խորհրդակցություններն են այն պահից ի վեր, երբ 2013 թ. օգոստոսին Հասան Ռոուհանին ստանձնեց Իրանի նախագահի պաշտոնը: Իրանի պատվիրակությունը նոր առաջարկներ ներկայացրեց միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների հարթեցման վերաբերյալ: