13 նոյեմբերի 2013 - 16:36 AMT
Հասան Ջեմալ. 1915 թվականից ի վեր Թուրքիան մեծ հաշվով չի փոխվել

Մինչև 2015 թվականը Թուրքիան պետք է ճանաչի իր ոճրագործությունները և ներողություն խնդրի Ցեղասպանության համար հայ ժողովրդից: Այդ մասին հայտարարել է թուրք լրագրող, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը: Ինչպես գրում է T24 թերթը, Ջեմալը հիշեցրել է, որ հայերը Անատոլիայի բնիկներն են: «Նրանք ապրել են այստեղ անհիշելի ժամանակներից մինչև 1915 թվականը: Մինչ օրս Թուրքական Հանրապետությունը չհասկացավ ու չկիսեց նրանց՝ հողն ու գույքը կորցնելու ցավը: Երկու երկրների միջև սահմանը պետք է բացվի, դիվանագիտական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների»,-ասել է նա՝ հավելելով՝ կառավարությունը պետք է վերանայի իր վերաբերմունքը հայերի հանդեպ և նոր ու ճշմարտացի դասագրքեր գրի:

Հասան Ջեմալը գրում է նաև. «Արդյո՞ք այս հարցն իրեն տալիս է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Պետք է այդ մասին մտածել, առավել ևս, որ 1915 թվականից ի վեր Թուրքիան մեծ հաշվով չի փոխվել»,-ասել է լրագրողը:

Հասան Ջեմալը Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական հանցագործներից մեկի, Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Ջեմալ փաշայի թոռն է: 2008 թվականին Երևանում նա այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հուշամատյանում Ջեմալը գրել է. «Ժխտել Հայոց ցեղասպանությունը նշանակում է լինել մարդկայնության դեմ այդ հանցագործության հանցակիցը»:

2012 թվականին Հասան Ջեմալը հրապարակեց «1915 թվական. Հայոց ցեղասպանություն» գիրքը:

Ահմեդ Ջեմալ փաշան սպանվեց 1922 թ. Թիֆլիսում ՀՅԴ անդամներ Պետրոս Տեր-Պողոսյանի և Արտաշես Գևորգյանի ձեռքով, Հայոց ցեղասպանության կազմակերպիչների ոչնչացման «Նեմեզիս» գործողության շրջանակում: