Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Փարիզ: Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2013»-ի շրջանակում ընթացող համաեվրոպական հեռախոսամարաթոնը կազմակերպող գլխավոր գրասենյակ:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» hամահայկական հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի ամբողջ անձնակազմին` հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, բոլոր կամավորներին, ովքեր անմիջական մասնակցություն են ունենում հեռախոսամարաթոնին` ընդգծելով, որ Եվրոպայի հայությունը միշտ եղել է Արցախի կողքին` ըստ ամենայնի սատարելով մեր հանրապետությանը:
Ֆոնեթոնի մեկնարկն ազդարարել են Բակո Սահակյանն ու հայտնի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը: Սա «Հայաստան» հիմնադրամի կազմակերպած արդեն 20-րդ ֆոնեթոնն է: Այս տարի Եվրոպական ֆոնեթոնի հովանավորներն են Ռոբեր Գեդիկյանը տիկնոջ՝ դերասանուհի Արիան Ասկարիի հետ:
2012 թվականին 700 կամավորների շնորհիվ Մարսելում, Լիոնում, Թուլուզում և Քաշում հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքվեց շուրջ 1,42 մլն եվրո ԼՂՀ և սիրիահայերի համար: