Կիևի կենտրոնում շարունակվում է բողոքի ակցիան ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ուղղված գործընթացը կասեցնելու Ուկրաինայի կառավարության որոշման դեմ: Տեղում հերթապահում են ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ, մարդկանց զանգվածային հոսքը սպասվում է երեկոյան, հայտնում է ուկրաինական «Հինգերորդ ալիքը»:
Նախօրեին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը:
Ուկրաինական ընդդիմությունն իր վրդովմունքը հայտնեց այս որոշման վերաբերյալ՝ պաշտոնանկությամբ սպառնալով կառավարությանը, իսկ նախագահին՝ իմպիչմենտով: Կառավարության որոշումից դժգոհ ուկրաինացիները հինգշաբթի երեկոյան դուրս են եկել բողոքի ակցիայի Կիևի կենտրոնում: Ըստ ԶԼՄ-ների, հավաքվել էր մոտ 2 հազար մարդ, ելույթներ էին ունենում ըմդդիմադիր ուժերի առաջնորդները:
Ըստ հեռուստաալիքի, ուրբաթ առավոտյան ակցիան շարունակվեց, թեև ոչ այնքան մարդաշատ, որքան գիշերը: Մարդկանց մի մասը գնաց, եկան նոր մասնակիցներ:
Տեղում բեմ է տեղադրված, կա տաքանալու փոքր կետ, որտեղ կարելի է սուրճ կամ թեյ խմել: Կիևում հիմա մոտ 5 աստիճան տաքություն է, ամպամած:
Մայդանում հերթապահում են ընդդիմադիր ուժերի խմբեր: Բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են, որ Կիևի, ինչպես նաև շրջանների բնակիչները կմիանան իրենց: Զանգվածային հավաք է սպասվում ուրբաթ երեկոյան և կիրակի օրը: