Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստեն Տոբիրան Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ճաշկերույթին հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունն աշխատում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վրա: Ինչպես PanARMENIAN.Net-ին փոխանցեց ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, ամենամյա հավաքը հունվարի 29-ին էր՝ 2001-ին Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրը: Միջոցառմանը, որն անցել է Շառլ Ազնավուրի հովանու ներքո, ներկայացվել է պաշտոնական լոգոտիպը, որն օգտագործվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բոլոր միջոցառումներում:
CCAF-ը ներկայացրել է «Առաքելություն 2015» ակցիան, որի շրջանակում 2015-ի ապրիլի 24-ին կղողանջեն Ֆրանսիայի բոլոր եկեղեցիների զանգերը:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ քվեարկեց ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:
Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը շուտով կրկին կընդգրկվի Ֆրանսիայի քաղաքական օրակարգում, քանի որ, ինչպես հայտարարեց նախագահ Օլանդը, «իրենք չեն հրաժարվել օրենքից, որով նախատեսվում է քրեականացնել 1915-ի. իրադարձությունների ժխտումը»: Դա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն է:
Ակնկալվում է, որ օրինագծի մասին պաշտոնապես կհայտարարվի Օլանդի Հայաստան այցելության ժամանակ, որը տեղի կունենա 2014-ի մայիսին: