28 մայիսի 2014 - 17:53 AMT
Կստորագրի՞ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթուղթն Աստանայում․ Նալբանդյանը չի պարզաբանել

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե կստորագրի արդյոք Հայաստանը որևէ փաստաթուղթ եվրասիական ինտեգրման վերաբերյալ մոտ ապագայում:

Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե կստորագրվի արդյոք որևէ փաստաթուղթ Աստանա ՀՀ նախագահի առաջիկա այցի ժամանակ, որտեղ կայանալու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, նա ասել է, որ եթե ինչ-որ փաստաթղթի ստորագրում նախատեսվեր, այդ մասին կհայտարարվեր: Աստանայում տեղի կունենա այն, ինչի մասին հայտարարվել է, նշել է նախարարը՝ հավելելով. «Կլինի Աստանան՝ կտեսնենք»:

Այսօր՝ մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Ղազախստան, որտեղ մասնակցելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, հայտնում է Armenia Today-ը:

Մայիսի 15-ին Բանկերի միջազգային խորհրդի նախագահ Ալեքսանդր Մարիչևը Բիշքեկի միջազգային ֆինանսական համաժողովում հայտնեց, որ Ղրղզստանն ու Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել:

«Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին Աստանայում: Հայտեր կան Ղրղզստանից ու Հայաստանից: ԵՏՄ ընդլայնումը մեծ հնարավորություն կտա անդամ երկրներին հզորացնել տնտեսությունը»,-ասել էր նա:

«Այժմ ակտիվ քննարկման փուլում է Շանհայի համագործակցության կազմակերպության Զարգացման բանկի ու Զարգացման հիմնադրամի ստեղծումը, ինչը հսկայական ռեսուրս կլինի ՄՄ-ին անդամակցող երկրների տնտեսության համար»,-հավելել է Մարիչևը:

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագրի ստորագրումից հետո փաստաթուղթը վավերացման կներկայացվի ազգային խորհրդարաններում և ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ին:

Եվրասիական տնտեսական համաժողովի մասին պայմանագրի նախագծում ձևակերպվել է էներգետիկ շուկայի հիմնարար կառուցվածքը, որով կողմերը պայմանավորվել են, որ 2025 թվականից ոչ ուշ կսկսեն գործել նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաները: 2016 թվականին նախագահները կհաստատեն այդ շուկաներից յուրաքանչյուրի ձևավորման հայեցակարգը: 2018 թվականին կհաստատվի այդ շուկաների ձևավորման ծրագիրը: Ընդհանուր շուկաների աշխատանքը գործարկելու համար հարկ կլինի հատուկ միջազգային պայմանագրեր ստորագրել: Մինչ 2025 թվականը այդ հարցերը կկարգավորվեն ըստ 2010 թվականին կնքված համաձայնգարերի: Ինչ վերաբերում է ՄՄ և ԵՏՄ Հայաստանի միանալու մասին պայմանագրին, ապա փաստաթուղթը պատրաստ կլինի մինչև հունիսի 1-ը և կներկայացվի ԵՏՄ պետությունների ղեկավարներին նիստում, որը կանցնի մայիսի 29-ին Աստանայում:

Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է նաև այն հարցին, թե կճանաչի Հայաստանը Ուկրաինայում նախագահի ընտրությունների արդյունքները: Նա հիշեցրել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պյոտր Պորոշենկոյին ընտրվելու կապակցությամբ, ինչն արդեն նշանակում է, որ ընտրությունները ճանաչվել են:

Ըստ Panorama.am-ի, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքը մտահգում է ոչ միայն միջազգային հանրությանը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներին:

Նա նկատեց, որ այդ կառույցները միշտ կոչ են անում համապատասխան քայլեր ձեռնարկել` հրադադարի ամրապնդմանն ու դիպուկահարների դուրսբերմանն ուղղված:

Նախարարը նշեց նաև համապատասխան մեխանիզմներ ստեղծելու քայլերի մասին, որոնք կզբաղվեն հրադադարի խախտման դեպքերի հետաքննությամբ: