Մայիսի 30-ի երեկոյան զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից մոտ 22 գազի պայթուցիկ է արձակվել Նոր Գյուղ շրջանի ուղղությամբ: Լիբանանյան «Ալ Մայատին» հեռուստակայանին հղումով «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ավելի քան 22 զոհ և 77 վիրավոր կա։
Դամասկոսի արևելյան արվարձաններում բախումները շարունակվում են: Իսկ կենտրոնի բնակելի խաղաղ թաղամասերում միջադեպեր են գրանցվում արձակվող հրթիռների պատճառով: Այս մասին «Ազդակ»-ին հղումով հայտնում է Perio News-ի ֆեյսբուքյան էջը:
Չորեքշաբթի օրը Ազազին թաղամասի Պաղտատ փողոցում հրասանդի հրթիռի պատճառով միջին աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել դամասկահայ հայր և դուստր Ռուբէն և Մարօ Դանիէլեանները, որոնց վիճակը կայուն է, սակայն բուժման կարիք կա:
Հալեպի լրատվական ծառայությունը Նոր Գյուղի հայությանը կոչ է արել տներից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, հեռու մնալ պատշգամբներից և պատուհաններից։
Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:
Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 80 հայ է զոհվել: