Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը (TBMM) հատուկ բաժին է ստեղծել, որը զբաղվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագրով՝ հայերին հակազդելու միջոցներ մշակելով, հայտնում է Haberturk-ը: Տեղեկանալով, որ հայերը մտադիր են Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել, թուրքերը որոշել են սեփական վարկածը ներկայացնել «Իմ սրտի ճագը» կինոնկարում, որի նկարահանումները նախատեսվում է սկսել 2014 ձմռանը Իգդիրում:
Մինչդեռ, ինչպես հայտնում է Ermenihaber-ը, հայկական ֆիլմում նկարահանվելու են Ալեն Դելոնը, Էդրիան Բրոուդին և Դասթին Հոֆմանը: Ֆիլմի գործողությունը սկսվում է 1913-ին Գերմանիայում, որտեղ վարդապետ Կոմիտասը հաշիվ է բացում բանկում: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես էին գերմանական բանկերը յուրացնում սպանված հայերի փողերը: Ֆիլմի համար երաժշտություն կգրի հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down-ի վոկալիստ Սերժ Թանկյանը: