Իսպանիայի ինքնավար Նավարա տարածաշրջանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպությունում, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հռչակագիրը Նավարայի միակուսակցական խորհրդարանն ընդունել է հունիսի 23-ին:
Փաստաթղթում ասվում է, որ «ըստ 1987 թ. հունիսի Եվրախորհրդարանի բանաձևի, ինչպես նաև դրան հաջորդած 2002 թ. փետրվարի 28-ի և 2004 թ. ապրիլի 1-ի բանաձևերի համաձայն, հայ ժողովրդի ողբերգությունը ցեղասպանություն էր»: «Որքան մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, այնքան պարզ է դառնում, որ նման հայտարարությունները ցուցադրում են Եվրոպայի համերաշխությունը հայ ժողովրդի հետ: Մենք հպարտ ենք, որ մեր համառ աշխատանքի շնորհիվ Եվրոպայում շահագրգիռ կողմերն ավելի հաճախակի են գիտակցում այդ հարցի կարևորությունը»,-հայտարարել է EuFoA տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:
Նավարայի խորհրդարանի ընդունած հռչակագիրը դատապարտում է թուրքական ռեժիմի քաղաքականությունն ու կոչ է անում Թուրքիային դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ ներդաշնակ բարիդրացիության ոգով և խաղաղ ճանապարհով լուծել սահմանի հարցը: Փաստաթղթում նաև ասվում է, որ հաշվի առնելով Թուրքիայի կարգավիճակը որպես ԵՄ անդամակցության թեկնածու, այս երկու հարցը անհապաղ լուծման կարիք ունի:
Նավարան դարձավ Իսպանիայի չորրորդ ինքնավար տարածաշրջանը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության փաստը ճանաչել են նաև Բասկերի երկիրը, Կատալոնիան ու Բալեարյան կղզիները: