Ադրբեջանական դիրքերից կրկին կրակոցներ են հնչում Տավուշի մարզի դաշտերի ուղղությամբ ու խանգարում գյուղատնտեսական աշխատանքներին: Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը հայտնել է, որ նախօրեին կրակել են դաշտում աշխատող տեխնիկայի վրա:
«Հացահատիկահավաք կոմբայնի վրա են կրակել: Կոմբայնավարները թաքնվել են, ուշ ժամի տարածքից հանել ենք, ուրիշ տարածք ուղարկել, որ անվտանգ է»,- ասել է նա:
Գյուղի վրա ևս կրակոցներ լինում են, բայց դրանք, համայնքի ղեկավարի խոսքով, այդքան չեն անհանգստացնում, որքան դաշտերի ուղղությամբ հնչողները. «Հիմա ցորենի և գարու բերքն ենք հավաքում, չեն թողնում, որ գյուղացին աշխատի»:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը ևս նշել է, որ իրենց դաշտերի ուղղությամբ կրակոցներ կան, որոնք խանգարում են աշխատանքներին:
Ըստ Արարատ Ավալյանի` Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարները դիմել են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպություն, որպեսզի միջնորդեն և գյուղացիները կարողանան անվտանգ շարունակել բերքահավաքը: Խնդրում են, որ Կարմիր Խաչը միջնորդի կամ մարդ ուղարկի, որ կազմակերպության մեքենայով կանգնեն տարածքում, գյուղացիներն էլ կարողանան աշխատել և բերքահավաքն անել:
Հուլիսի սկզբից ադրբեջանական կողմը մշտապես գնդակոծում է Տավուշի մարզի դիրքերն ու սահմանամերձ գյուղերը:
Հուլիսի 4-ի առավոտյան Պառավաքար գյուղում կրկին կրակոցներ են եղել՝ տուժողներ չկան։ Գյուղում հունիսի 28-ին հակառակորդի արձակած գնդակից հրազենային վիրավորում էր ստացել 16-ամյա Արմեն Բրուտյանը, ով աշխատում էր խաղողի այգում: Գնդակոծվել է նաև Չինարի գյուղը:
Կրակոցները սովորական են դարձել նաև սահմանամերձ Այգեպարում: Գյուղի դպրոցն ու մանկապարտեզը հակառակորդի նշանառության տակ են,սահմանիցմի քանի հարյուր մետր հեռավորությամբ:
Դպրոցի ու մանկապարտեզի անվտանգության համար Հայ օգնության ֆոնդի «Այո» հիմնադրամը նախաձեռնել է պաշտպանիչ պատի կառուցում: Այդ նպատակով մեկ ամիս առաջ դրամահավաք է սկսվել:
Հուլիսի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերից արձակված կրակոցից դեմքի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել և տեղում մահացել Արցախի քաղաքացի Արվիդ Դանիելյանը, տեղեկացնում են ԼՂՀ գլխավոր դատախազությունից:
Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության ՔՎ Ասկերանի շրջանի քննչական խմբի կողմից քրեական գործ է հարուցվել։ Նախաքննությունը վերահսկում է Ասկերանի շրջանի դատախազությունը: