25 մայիսի 2006 - 17:20 AMT
Արա Աբրահամյանը վերընտրվել է Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը կրկին վերընտրվել է Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում: Նրա օգտին միաձայն քվեարկել են Ռուսաստանի հայերի միության Մոսկվայում ընթացող 3-րդ համագումարի պատգամավորները: Հյուրերի կարգավիճակով համագումարին ներկա էին` Դաշնության Խորհրդի փոխխոսնակ Ալեքսանդր Տորշինը, Պետդումայի փոխխոսնակներ Վլադիմիր Ժիրինովսկին եւ Արթուր Չիլինգարովը, Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության պետքարտուղար Պավել Բորոդինը: Համագումարի հասցեին ողջույնի ուղերձներ են հղել Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները: Հանդես գալով հաշվետու զեկույցով` հայ համայնքի ղեկավարը հայտարարեց, որ միության գլխավոր խնդիրը «ռուսական պետության, ազգամիջյան խաղաղության եւ համաձայնության ամրապնդումն է»: Բացի այդ, 2,5 մլն հայերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունը մտադիր է «ակտիվորեն մասնակցել Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքին, քաղաքացիական հասարակության լիարժեք ինստիտուտների կառուցմանը»:

«Մեր խնդիրն է նաեւ մեր, աշխարհում ամենամեծ հայկական համայնքի ինքնակազմակերպման ամրապնդումը եւ զարգացումը, որը մեծ ներուժ ունի արարելու Ռուսաստանի եւ Հայաստանի բարօրության համար»,-ասել է Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանի հայերի միությունը մտադիր է հակազդել էթնոծայրահեղականության, քսենոֆոբիայի, ռասայական եւ ազգային անհանդուրժողականության, ահաբեկչության դրսեւորումներին: «Մեր խնդիրն է հանդուրժողություն դաստիարակել աճող երիտասարդության շրջանում, ինչպես նաեւ հայ եւ ռուս ժողովրդների բազմադարյա բարեկամության եւ եղբայրության ավանդույթների ամրապնդել»,-նշել է Աբրահամյանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: