31 հուլիսի 2014 - 18:13 AMT
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա է ստացել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ) մեկ տարի ժամկետով Հայաստան ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր է տրվել: Համապատասխան որոշումը Կառավարությունն ընդունել է հուլիսի 31-ի իր նիստում։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ներմուծելու է 145 միլիկյուրի ակտիվությամբ Cs-137 ռադիոիզոտոպ պարունակող Densitypko սարքը (4-րդ դասի ռադիոակտիվ նյութ պարունակող սարք), որն օգտագործվելու է հանքանյութի վերամշակման արդյունքում ստացվող արտադրանքի խտությունը չափելու համար:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությանը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա տալու մասին նախագծի ընդունման դեպքում պետբյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի առաջատար հանքարդյունահանող ընկերությունն է։ Այն 1951-ին հիմնվել է որպես պետական ձեռնարկություն, այնուհետև 2004-ին՝ մասնավորեցվել։ Ընկերությունը արդյունահանում և վերամշակում է առօրյա օգտագործման հազարավոր ապրանքների արտադրության համար անհրաժեշտ օգտակար հանածոներ: Տարածաշրջանի ամենամեծ բաց հանքում արդյունահանվում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են երկու առանձին` պղնձի և մոլիբդենի խտանյութեր:

Photo from Zangezur Copper Molybdenium Combine website