29 մայիսի 2006 - 15:30 AMT
Հայաստանի խորհրդարանի խոսնակը հաստատեց հրաժարականի մասին իր հայտարարությունը
Ազգային Ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանն այսօր հաստատեց հրաժարականի մասին իր հայտարարությունը: Այդ մասին նա այսօր հայտարարել է Հայաստանի խորհրդարանում մամլո ասուլիսի ժամանակ` հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին: Ա.Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար` հավելելով, որ իր գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցության գործունեության մասին կհայտնվի ավելի ուշ: Հրաժարականի մասին պաշտոնական դիմումը ՀՀ ԱԺ խոսնակ Ա.Բաղդասարյանը տվել էր մայիսի 22-ին: Այսօր ժամը 12:30-ին սպառվեց հնգօրյա ժամկետը, որը տրամադրված էր խոսնակին այդ հայտարարությունը հաստատելու համար: Այդպիսով, ըստ Հայաստանի «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 20 հոդվածի 2 մասի խոսնակի հրաժարականը համարվում է ընդունված:

Ա.Բաղդասարյանը հայտարարեց իր պաշտոնը թողնելու մասին դեռեւս մայիսի 12-ին: Դրանից մեկ օր առաջ իր գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի իշխող կոալիցիայից դուրս գալու մասին` ներքին, արտաքին քաղաքականության եւ ժողովրդավարության խորացման հարցերում հակասությունների պատճառով: Այդպիսով, կոալիցիայի կազմում մնացին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ ՀՅԴ-ն, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: