Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սենատը միաձայն քվեարկությամբ ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը: Դրանով ցեղասպանությունը վերապրածների ու ականատեսների բանավոր հիշատակությունները կներառվեն նահանգի հանրային դպրոցների մարդու իրավունքների մասին դասընթացի ուսումնական պլանում, գրում է Asbarez-ը:
Օրինագծի հեղինակը Կալիֆորնիայի Ժողովի անդամներից Ադրին Նազարյանն է, համահեղինակներն են սենատորներ Մարկ Վիլանդը, Ժողովի անդամներ Կարո Աչաջյանը, Սթիվ Ֆոքսը, Մայք Գատտոն, Սքոթ Վիլկը ու Շերիլ Բրաունը: Դրանով նախատեսվում է նաև, որ ուսուցիչները համապատասխան ռեսուրսներով կապահովվեն Ցեղասպանության մասին դասավանդելու համար:
Օրենքի նախագիծը Սենատի օրակարգում ներառվել էր 2014-ի ապրիլին, որից հետո ներկայացվել էր քննարկման և իրավական փորձաքննության: Այժմ օրինագիծն ուղարկվել է նահանգապետի հաստատման, որից հետո ուժի մեջ կմտնի:
Տարեսկզբին՝ հունվարի վերջին, Կալիֆորնիայի Ժողովը նույնպես միաձայն ընդունել էր AB 659 օրինագիծը: Մինչև այդ այն ընդունվել էր նաև Կրթության ու հատկացումների պետական վեհաժողովում:
«Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը շնորհակալ է Սենատից, ինչպես նաև սենատորներ Դի Լեոնից, Մարկ Ուայլանդից, Ադրին Նազարյանից ու Խաչո Աչաջյանից նախագծին աջակցելու համար»,- նշել է հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը:
Օրինգածքի ընդունմամբ Կալիֆորնիան կդառնա ամերիկյան 12-րդ նահանգը, որտեղ Հայոց ցեղասպանության թեման ներառված է ուսումնական դասընթացների ծրագրում: