9 սեպտեմբերի 2014 - 18:02 AMT
ԵՄ-ն պատրաստ է սատարել Երևանին ու Բաքվին Ղարաբաղի հարցում, եթե վերջիններս քաղաքական կամք դրսևորեն

ԵՄ-ն պատրաստ է սատարել Երևանին ու Բաքվին, եթե վերջիններս քաղաքական կամք դրսևորեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտարարել է Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Բաքվում՝ ԵՄ Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ավարտին տեղի ունեցած ճեպազրույցում:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա»,-ասել է նա:

Ֆյուլեն նշել է նաև, որ ԵՄ Արևելյան գործընկերության երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը կարևոր են Եվրամիության համար: Ըստ նրա, ԵՄ-ն մտադիր է ամրապնդել գործակցությունը Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ:

Ըստ Ֆյուլեի, ԵՄ-ն կարևորում է նաև պայքարը կոռուպցիայի դեմ և քաղաքացիական հասարակության դերն այդ հարցում: «Մենք պետք է հարգանքով վերաբերվենք քաղաքացիական հասարակությանը, որը շատ կարևոր է մեզ համար»,-ասել է եվրահանձնակատարը:

Իր հերթին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության գծով գերագույն ներկայացուցչի տեղակալ Հելգա Շմիդտը հայտրարարել է, որ ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է Արևելյան Եվրոպայի գործընկերների հետ քաղաքական ասոցացման, տնտեսական ինտեգրման առաջխաղացման գործին: «Մենք հավատում ենք, որ մեր համակարգումն ու գործակցությունը հետագայում կամրապնդվի արտաքին քաղաքականության և անվտանգության որոշ սուր հարցերում»,-ասել է նա, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: