8 հունիսի 2006 - 19:11 AMT
Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Հայաստանի նորընտիր խոսնակին
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Օկտայ Ասադովը շնորհավորել է Տիգրան Թորոսյանին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել: Ասադովի ուղերձն ընթերցվել է այսօր Երեւանում` Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի 27-րդ լիագումար նստաշրջանի փակման ժամանակ, ՍՏՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւի կողմից:

Այսօր ՍՏՀԿ ԽՎ նախագահությունը Հայաստանից անցավ Ադրբեջանին. Հայաստանի խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանն Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ասաֆ Հաջիեւին փոխանցեց նախագահության խորհրդանիշը` փայտե մուրճը: ՍՏՀԿ ԽՎ հաջորդ լիագումար նստաշրջանը տեղի կունենա Բաքվում նոյեմբերի 22-23-ին, եւ հայկական կողմը դրան մասնակցելու հրավեր է ստացել Ադրբեջանից, հայտնում է Մեդիամաքսը: