6 նոյեմբերի 2014 - 11:10 AMT
Ակոռի գյուղի հայկական հին գերեզմանատունն ավերվել է

Իգդիրի մոտ գտնվող Ակոռի (ներկայիս անվանումով՝ Յենի Դողան-Վերածնված) գյուղում հայկական հին գերեզմանատունը գանձ որոնողների ուշադրության կենտրոնում հայտնվելուց հետո ավերվել է. հանգուցյալների ոսկորներն այս ու այն կողմ են թափված, տեղեկացնում է Dicle լրատվական գործակալությունը:

1800-ական թվականներին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով այս գյուղը փլվածքի տակ էր մնացել, սակայն հետո փլատակների վրա նոր գյուղ է կառուցվել և վերանվանվել է Յենի Դողան:

Արարատի փեշերին գտնվող և տուրիզմի առումով հետաքրքիր այս գյուղը` պատմական Ակոռին, հայերի ամենահին բնակավայրերից է համարվում:

Tert.am-ը գրում է, որ անտերության մատնված գերեզմանատան որոշ գերեզմաններ փորված են, ոսկորները ցիր ու ցան են եղել: Պատմական գյուղի միակ վայրը, որը փլատակների տակ չի մնացել երկրաշարժի ժամանակ, եղել է հենց այս գերեզմանատունը:

Հիմնականում քրդաբնակ այս գյուղի բնակիչները չեն հասկանում, թե այն ինչու վերահսկողության տակ չի վերցվում և ցանկանում են, որ պետությունը տեր կանգնի հարյուրավոր տարիներ առաջ այս հողերում ապրածների պատմությանը:

Ցոլակերտը (այժմ՝ Իգդիր) քաղաք է ներկայիս Թուրքիայի արևելյան մասում գտնվող ար Իգդիր իլում, պատմական Արևելյան Հայաստանում։ Իգդիր իլի վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքն է։ Գտնվում է Մասիսից հյուսիս-արևմուտք, Արարատյան դաշտի հարավային մասում, Արաքսի աջ կողմում, Երևանից մոտ 40 կմ հարավարևմուտք։ Տեղանքը հարթավայրային է։ Գյուղաքաղաքը շրջապատված է այգիներով ու բարդու պուրակներով։