Նոյեմբերի 7-ին Գյումրիում գործող ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում բացվեց Առաջին աշխարհամարտի 100-ամյակին նվիրված մարտական փառքի թանգարանն ու Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի՝ արձանը։
Հուշահամալիրը մեծ հանդիսությամբ բացվեց ռազմակայանի տարածքում գտնվող «Մեծ ամրոց» կոչվող վայրում: Հանդիսավոր հանրահավաքին ներկա էր ռազմակայանի հրամանատարությունը, ինչպես նաև հրավիրյալներ: Ինչպես նշեց իր ելույթում ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը, պատահական չէ, որ այդ կարևոր միջոցառումն անցնում է Գյումրիում՝ խորհրդանշելով սերունդների հաջորդականությունը: «Սա այն վայրն է, որտեղ կանգնեցված է եղել հանուն մեր երկու երկրների անկախության ու ազատության զոհված այն գեներալների, սպաների հիշատակը հավերժացնող հուշարձանը, ովքեր զոհվել են` կյանքի գնով պաշտպանելով քրիտոնեական արժեքները, ժողովուրդների ինքնությունն ու ազատ և անկախ ապրելու իրավունքը; Հավերժ փառք բոլոր հերոսներին»,-ասել է Օհանյանը:
ՌԴ ռազմակայանի հրամանատարի հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով օգնական, վարդապետ Անդրեյը (Վաց) նշեց, որ հուշահամալիրի բացումը մեծ նշանակություն ունի, քանի որ ուշադրությունը սրբությունների, այդ թվում նաև ռազմական սրբությունների, հանդեպ չափազանց կարևոր է:
«Կալաշնիկովի արձան տեղադրելու և մարտական փառքի թանգարան բացելու գաղափարը նոր չէ, բայց իրականացնել այն հաջովեց այսօր: Սրբություն է նաև այս վայրը, և նահատակված թագուհի Ալեքսանդրայի եկեղեցին, որը գտնվում է «Մեծ ամրոցի» կենտրոնում: Ուստի այս երկու վայրերը հոգևորն ու մշակութայինն են միավորում»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է «Պատվո բլուր» հուշահամալիրում հայ և ռուս ժողովրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող հիշատակի խաչի օծման արարողությամբ: Հյուրերը շրջել են ռազմաբազայի տարածքում, ծանոթացել թանգարանի շենքային պայմաններին, անվանական եղևնիներ են տնկել: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի և Ռուսաստանի ուժային կառույցների, դիվանագիտական կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներ, զինվորականներ, վետերաններ և այլք:
Միխայիլ Կալաշնիկովը աշխարհի ամենաճանաչված զինագործներից է` նրա ստեղծած «ԱԿ» ինքնաձիգը օգտագործվում է աշխարհի 100 երկրներում: Ծնվել է 1919-ի նոյեմբերի 10, Կուրյաում. ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հրաձգային զենքի ճարտարագետ-կոնստրուկտոր է, տեխնիկական գիտությունների դոկտոր (1971), գեներալ-լեյտենանտ (1999):
Միխայիլ Կալաշնիկովը երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոսի և մեկ անգամ` Ռուսաստանի հերոսի կոչումին։
Կալաշնիկովի ինքնաձիգը (AK-47) համարվում է ամենավստահելի և հարմար զենքերից մեկը։ Այն նաև ընդգրկվել է «20-րդ դարի ամենահայտնի գյուտերի» ցանկում։