17 նոյեմբերի 2014 - 11:07 AMT
Ջավախքում բացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար

Նոյեմբերի 16-ին Նինոծմինդայի շրջանի Մամզարա համայնքում հայկական եկեղեցու բակում կանգնեցվել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խաչքար:

Նույն օրը նշվում էր նաև նախորդ տարի կառուցված և օծված Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու միամյակը, հաղորդում է «Ջավախք մեդիան»: Օրվա պատարագիչը տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն էր: Պատարագին ներկա էր Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբգէն վրդ. Սալբիյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հավատացյալներ և ուխտավորներ՝ շրջանի տարբեր հայկական գյուղերից:

«Այսօր, այս խաչքարի ներկայությունը գյուղում ապացույցն է առ այն, որ մենք պահանջատերն ենք Հայ Դատի: Ինչքան ել մեզ ուզեն փոխել, միևնույն է, մենք մեր տեսակով ամուր կանգնած ենք մայր հողին»,- նշել է Ջավախքի փոխառաջնորդը` հավելելով, որ գյուղն աստիճանաբար զարագանում է՝ հոգևոր և մշակութային առումով:

Սբ Մեսրոպ Մաշտոց անունը կրող եկեղեցին կառուցվել է ուղիղ մեկ տարի առաջ Խաչատրյան եղբայրների բարերարությամբ: Օծման կարգ կատարվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, Ջավախքի փոխանորդ Բաբգէն վրդ Սալբիյանի հանդիսապետությամբ: Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2013-ի հուլիսի 6-ին: