ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Վաչե Գաբրիելյանը նշանակել է Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար ու փոխվարչապետ:
ՀՀ պետական և քաղաքական գործիչ, Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Վաչե Վազգենի Գաբրիելյանը ծնվել է 1968-ի նոյեմբերի 24-ին Երևանում։ 1990-1992 թվականներին աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում` որպես փորձագետ: 1994-1998թթ. դոկտուրանտուրայում ուսանելու տարիներին դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն:
1998-1999 ովականներին եղել է կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, 1999-2008թթ.` բանկի խորհրդի անդամ, 2008-2010թթ.` բանկի նախագահի տեղակալ, 2010-ի դեկտեմբերի 17-ից` ֆինանսների նախարար։ 2012-ի հունիսի 16-ին վերանշանակվել է պաշտոնում։ 2013-ի մայիսի 8-ին ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից և նշանակվել Կառավարության աշխատակազմի ղեկավար։ 2013-ի հուլիսի 15-ին ազատվել է Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։ 2014-ի ապրիլի 3-ին ազատվել է պաշտոնից՝ Կառավարության հրաժարականի կապակցությամբ և մինչև ապրիլի 18-ը եղել Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար: 2014-ի ապրիլի 18-ից նոյեմբերի 28-ը ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն էր:
Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Գրականագետներ Վազգեն Գաբրիելյանի և Ժենյա Քալանթարյանի որդին է, դեսպան Վահե Գաբրիելյանի եղբայրը։